Մեկ տարի առաջ այս օրերին միավորվեցին ՀՀ ֆինանսների նախարարությունը և պետական եկամուտների կոմիտեն: Պատմականորեն այս երկու կառույցները միշտ եղել են, մեղմ ասած, ոչ բարիդրացիական հարաբերությունների մեջ: Եվ անկախ նրանից, թե որքան է արդյունավետ եղել վերջին տարվա ընթացքում այս միավորված կառույցի աշխատանքը, այնուամենայնիվ, այդ երկու կառույցների ներկայացուցիչների պայքարը, արդեն միավորված կառույցի մեջ, շարունակվում է: Մասնավորապես, մեծ պայքար է ծավալվել ՀՀ ֆինանսների նախարարության այն փոխնախարարների միջև, որոնք նախկինում ներկայացնում էին տարբեր կառույցներ: Երբ ներկայացվեց այս տարվա բյուջեն, որը ավանդույթի համաձայն գրել էր ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, հարկային և մաքսային մարմինների պատասխանատուներ, փոխնախարարներ Վախթանգ Միրումյանն ու Արթուր Աֆրիկյանը սկսեցին տարբեր մակարդակներով «բոչկա գլորել» Սաֆարյանի վրա, թե իբր «ոնց գրել է, թող այնպես էլ իր գրած բյուջեն հավաքի»: Իսկ հիմա, երբ Վախթանգ Միրումյանի ներկայացրած «խոպանչիներին հարկելու մասին» տխրահռչակ օրինագիծը դարձավ հանրային ծաղրի առարկա, արդեն Պավել Սաֆարյանն է «կրակի վրա յուղ լցնում» ընդդեմ Վախթանգ Միրումյանի:
Թե ինչքան կշարունակվի այս գզվռտոցը, պարզ չէ, բայց մի բան հաստատ է. այս «կրակի վրա փորձում են իրենց ձեռքերը տաքացնել» այլ գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Դե ինչ, «մուտիլովկաները» և միմյանց դեմ պայքարելու բնավորությունը հայաստանյան իշխանական էլիտայում նորություն չեն, առավել ևս, երբ քաղաքական ընդդիմության դեմ պայքարելը, վերջինիս թուլության պատճառով, այլևս արդիական չէ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ